Արդեն գաղտնիք չէ, որ ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձիք ևս հավասար իրավունքներ ունեն մասնակցելու և կենսագործունեություն ծավալելու հասարակական կյանքում այնպես, ինչպես բոլորը: Հավասար իրավունքների մասին բազմաթիվ օրենքերը, սակայն, դեռևս չեն կարող երաշխիք հանդիսանալ, որ տարբեր սահամանափակումներ և խնդիրներ ունեցող անձինք հանդես կգան որպես հասարակության լիիրավ անդամ:
Այսօր արդեն Հայաստանում ներդրվել և ակտիվ մասնագիտական գործունեություն է ծավալում Էրգոթերապիա մասանգիտությունը` առաջարկելով մասնագիտական այնպիսի մոտեցումներ և միջամտություն, որոնք հնարավորություն են տալիս ֆիզիկական և մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց ակտիվորեն ներգրավվել և ինքնուրույն մասնակցություն ունենալ ինքնախնամքի, հանգստի և աշխատանքային գործունեության ոլորտներում:
Չնայած Էրգորթերապիա մասնագիտությունը ունի շուրջ 8 տարվա պատմություն և հնարավորություն է ընձեռնում մասնագետներ պատրաստել բակալավրի աստիճանում, այդուհանդերձ դեռևս Հայաստանում ներդրված չէ տվյալ մասնագիտության մագիստրական կրթությունը: Շարունակական կրթության ապահովումը հնարավորություն կտա պատրաստել ոչ միայն պրակտիկ մասնագետներ, այլ նաև բացահայտել և իրականացնել հետազոտական լայնածավալ աշխատանքներ` զբաղվածության ոլորտի խնդիրների լուծման և միջամտության այնպիսի մոտեցումների առաջադրման համար, որոնք համահունչ կլինեն հայկական մշակութային առանձնահատկություններին և հայ հասարակության պահանջներին:
Ներկայումս Էրգոթերապիայի մագիստրական կրթություն իրականացվում է բացառապես արտասահմանում` այն էլ սահմանափակ ուսումնական հաստատություններում: Ամստերդամի կիրառական գիտությունների բարձրագույն դպրոցում իրականացվում է եվրոմագիստրական կրթություն` ներգրավելով Անգլիայի, Դանիայի, Հոլանդիայի, Շվեցարիայի, Շվեդիայի լավագույն համալսարանները:
Հայաստանից երկու Էրգոթերապիստներ այսօր սովորում են Էրգոթերապիա գիտության եվրոպական մագիստրատուրայում, ինչը մոդուլային ուսուցում է` ներառելով խորը տեսական գիտելիքներ և լայնածավալ հետազոտական աշխատանքներ, ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում: Ուսուցումն իրականացվում է մոդուլային համակարգով` կազմված վեց մոդուլից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ ուղղվածությունը /1. Զբաղվածության հասկացության մեկնաբանումը և ծանոթացում հետազոտական աշխատանքին, 2. Էրգոթերապիայի և էրգոթերապիա գիտության սոցիալական և գիտական ասպեկտները, 3. Մարդու զբաղվածության, մշակույթի, առանձնահատկությունների և մասնակցության գիտական վերլուծությունը, 4. Զբաղվածության գնահատումը և խթանումը, 5. Էրգոթերապիայի դիսցիպլինի և գիտելիքի հիմքում ընկած հետազոտական ծրագրի պլանավորում, 6. Էրգոթերապիայի դիսցիպլինում հետազոտական ծրագրի իրականացում/`ներգրավելով 12-16 ուսանող աշխարհի տարբեր երկրներից:
Ուսուցումը իրականացվում է նորագույն կրթական մեթոդներով` առանձահատուկ շեշտադրելով ինքնուսուցումը և խմբային աշխատանքները` կարևորելով.
- գիտելիքը և տեսական տարբեր մոտեցումները,
- գիտելիքի կիրառումը և հիմնավորումը տարբեր մոտեցումների տեսանկյունից,
- եզրահանգումների կատարումը` հիմնված տվյալների հավաքագրման և մեկնաբանման վրա,
- ինֆորմացիայի, մտքերի, խնդիրների քննարկումը, վերլուծությունը:
Ուսուցման կարևորագույն և առանձնահատուկ մոտեցումներից է նաև Խնդրի վրա կենտրոնացած ուսուցումը, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և դիտարկել տվյալ խնդիրը տարբեր տեսանկյուններից, համադրել խմբում աշխատող յուրաքանչյուր անդամի կարծիքը և տեսակետը, միավորել տարբեր մշակութային առանձնահատկություններ:
Նման համակարգում սովորելու կարևորագույն առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Եվրոպայի էրգոթերապիսները ունեն բացառապես տարբերվող պատկերացում էրգոթերապիայի և էրգոթերապևտիկ միջամտության վերաբերյալ, ինչպես նաև շատ կարևոր է գիտակցել այն փաստը, որ չնայած Հայաստանում այս մասնագիտությունը դեռևս գտնվում է կայացման և զարգացման փուլում, այնուամենայնիվ մեր մասնագետները ևս պատկանում են այդ բազմամշակութային դիսցիպլինի ընտանիքին:
Հեղինակ` Զարուհի Հարությունյան




No comments:
Post a Comment