Sunday, December 9, 2012




 Էրգոթերապիստների անց կացրած պրակտիկան  ՆՈՐՔԻ  ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ

Էրգոթերապիստները իրենց գործունեությունը կարող են ծավալել մի շարք հաստատություներում, ինչպես օրինակ՝ մանկատներում, հասարակական կազմակերպություններում, ներառական և ոչ ներառական դպրոցներում, մասնագիտացված մանկատներում, ծերանոցներում, ինչպես նաև հոգեբուժարաններում: Հոգեբուժարանում պրակտիկայի ժամանակ ուսանողները բաժանվել էին  3 խմբերի: Յուրաքանչյուր խումբ  իրականացնում էր տարբեր ծրագրեր:  
Խմբերից մեկի աշխատանքը հիմնված էր էքսպրեսիվ թերապիայի՝ ֆոտոթերապիայի, նկարչաթերապիայի և երաժշտաթերապիայի վրա: Հանդիպումների ժամանակ ուսանողները այցելուների հետ դիտում էին հայտնի նկարիչների՝ Մոդիլիանիի, Լեոնարդո դա Վինչիի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու և այլ նկարիչների աշխատանքները: Դիտումներից հետո միասին քննարկում էին և՛ նկարները, և՛ նկարիչների կենսագրությունը: Երբեմն հանդիպումների ընթացքում կիրառվում էր նկարչաթերապիան, որի ժամանակ այցելուները իրենց նկարած նկարների, գույների միջոցով արտահայտում էին իրենց հույզերը, զգացումները և ապրումները: Երաժշտաթերպիայի ժամանակ ունկնդրում էին կոմպոզիտորների՝ Ա. Խաչատրյանի, Մոցարտի, Շոպենի և այլոց ստեղծագործությունները, ինչպես նաև  դիտում բալետ ներկայացումներ:


Երկրորդ խումբը կազմակերպեց շաշկու  և շախմատի առաջնություն, որի ժամանակ այցելուները հնարավորություն ունեին հաղորդակցվելու միմյանց հետ, ինչպես նաև մասնակցելու իրենց սիրելի խաղի առաջնությանը, միմյանց ցույց տալով, թե ով որքան լավ է խաղում: Դա այցելուների համար նաև հանդիսանում էր կազմակերպված ազատ ժամանց: Երբեմն ուսանողները ևս նրանց հետ խաղում էին: Խաղերն անցկացվում էին հոգեբուժարանի արևոտ բակում:


Երրորդ խումբը հոգեբուժարանի 
պրակտիկայի ժամանակ այցելուների հետ միասին իրականացրեցին ծաղիկների տնկում և խնամում: Այս աշխատանքի շնորհիվ այցելուների մոտ զարգանում են համբերատարության, հոգատարության զգացում: Բացի ծաղիկներ տնկելուց ուսանողները այցելուների հետ միասին զարդարեցին ծաղկամանները, ինչը ևս ուներ թերապևտիկ նշանակություն: 






Հեղինակներ՝ Գոհար Բալայան, Նարինե Մուրադյան, Անահիտ Հայրապետյան

No comments:

Post a Comment