Saturday, December 1, 2012

«SOS» մանկան գյուղի երեխաների ՀՈՒՆԻՍԻ 1-ը Էրգոթերապիստների հետ



2012 թվականի հունիսի 1-ին SOS մանկան գյուղի երեխաներն իրենց տոնը նշեցին էրգոթերապիա բաժնի ուսանողների և <<Նարնջագույն փղիկ>> և <<Խարիզմա>> Հասարակական կազմակերպության հետ: Համագործակցութունը կայանում էր նրանում, որ Նարնջագույն փղիկ կազմակերպությունը տրամադրեց իր ապրանքանիշի ներկեր, վիտրաժներ, գունավորման նկարներ, իսկ Խարիզմա կազմակերպությունը՝ խաղային պարագաներ՝ կուբիկներ, գնդակներ, օղակներ, պարաններ, ինչպես նաև այլ  տեխնիկական միջոցներ: Ուսանողները կազմակերպել էին խաղ-մրցումներ, ժամանցային ծրագրեր, որոնց մասնակցում էին գյուղի բոլոր երեխաները: Էրգոթերապիստները կազմակերպության աշխատակիցների հետ միասին բաժանվել էին երկու հիմնական խմբերի, որոնցից մեկն աշխատում էր գյուղի կրտսեր տարիքի երեխաների հետ, իսկ երկրորդ խումբն զբաղվում էր ավելի մեծ տարիքի երեխաների ժամանցային խաղերի կազներիմակերպման գործընթացով:
Կրտսեր տարիքի երեխաների համար նախատեսված տարածքում  Նարնջագույն փղիկի մի փոքրիկ անկյուն էր պատրաստվել, որտեղ երեխաները հնարավորություն ստացան նկարելու և ներկելու իրենց սիրելի մուլտհերոսների նկարները: Բացի այդ փոքրիկները բաժանվեցին նաև երկու խմբերի և խաղացին կուբիկներով խաղ, որի ժամանակ նրանք պետք է կառուցեին որքան հնարավոր է բարձր  աշտարակներ: Այդ օրը նրանց նաև այցելեց իրենց սիրելի Նարնջագույն փղիկը, որի հետ երեխաները կարողացան լուսանկարվել, խաղալ: 

Ավագ խմբի երեխաների հետ նախքան խաղ-մրցությունը սկսելը երեխաները ծանոթացան ուսանողների հետ: Միասին խաղացին զվարճալի խաղեր, իսկ դրանից հետո բաժանվելով երկու մեծ խմբերի, սկսցին մասնակցել խաղ-մրցույթին:  Առաջինը, որի ժամանակ խմբերը պետք է ստուգեին իրենց ուժերը՝ պարանի ձգումն էր:

Այնուհետև  շարունակվեց պարային խաղով, որի ժամանակ խմբերի մասնակիցները երաժշտության ներքո պարելով անցնում էին աստիճանաբար ցածրացող պարանի տակով: Այս անգամ նախորդ խաղում պարտված թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ հաջողությամբ և ճկունորեն պարանի տակով անցնելով: 

Մինչ երկրորդ խաղն ավարտվելը՝ կազմակերպիչների մյուս խումբը արագորեն պատրաստվում էր երրորդ խաղին՝ տեղադրելով խաղի համար անհրաժեշտ սեղանները, բաժակները և ջուրը: Երրորդ խաղի ժամանակ խմբի յուրաքանչյուր մասնակից պետք է բաժակով ջուրը վազելով տաներ ու լցներ նախապես դասավորված բաժակների մեջ, որտեղ դրված փոքրիկ գնդակը պետք է փչելով մի բաժակից մյուսը տեղափոխեին: Երեխաների համար խաղն այնքան հետաքրքիր էր ու նոր, որ ցանկություն հայտնեցին երկու անգամ միևնույն խաղը խաղալ:
Երեք խաղերից հետո եղավ երաժշտական ընդմիջում, որի ժամանակ նրանք երգեցին իրենց սիրելի երգերը և պարեցին: Այնուհետև կրկին շարունակվեց խաղը: Հաջորդը խնձորներով խաղն էր՝ երեխաները պետք է առանց ձեռքերի միջամտության ուտեին թելերից կախված խնձորները: Վերջին մրցութային խաղը օղակով էր: Այս խաղը թիմերը խաղացին ուսանողների հետ միասին: Կազմվեցին երկու մեծ շրջաններ և խաղի ընթացքում մասնակիցները առանց ձեռքերը բաց թողնելու պետք է անցնեին օղակի միջով: Երաժշտության հնչյունների ներքո երեխաները ճկունորեն  շարժելով իրենց  մարմինը կարողացան արագորեն անցնել փոքրիկ օղակի միջով: Խաղերի ավարտից հետո մասնակից բոլոր խմբերին հանձնվեցին նախապես պատրաստված պատվոգրեր: Խաղ-մրցույթի ավարտից հետո երեխաները շարունակեցին իրենց ակտիվ և զվարճալի օրը՝ պարելով և երգելով մանկական և տարբեր երգեր:
Ո՛չ գյուղի երեխաները, ո՛չ էլ ուսանողները դեռ նման ուրախ հունիսի մեկ չէին ունեցել:









No comments:

Post a Comment