Wednesday, April 17, 2013

PEO ՄՈԴԵԼԸ ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ




Ամեն տարի էրգոթերապիա բաժնի ուսանողները իրականացնում են տեսական մոդելների (գնահատման տեսական գործիք) ներկայացումներ: Տեսական մոդելները օգնում են վերլուծել այցելուի հիմնախնդիրները, հասկանալ թե որտե՞ղ կամ ինչու՞մ է կայանում նրա թերացումը, ինչպես նաև օգնում է մշակել գործողությունների պլան, հետագայում հիմք ընդունելով մոդելի միջոցով իրականացրած վերլուծությունը: Գոյություն ունեն տարբեր մոդելներ որոնք կիրառվում են էրգոթերապիայում,սակայն ամենից հաճախ և լայն կիրառում ստացած մոդելներն են` PEO (Person, environment, occupation), MOHO (Model of human occupation), CMOP (Canadian Measure of Occupational Performance), ICF (Intentional Classification of Functioning) և KAWA մոդելները:
Հերթական անգամ 3-րդ կուրսի ուսանողների կողմից տեղի ունեցավ PEO  մոդելի ներկայացում՝ հատուկ առաջին կուրսի ուսանողների համար: Ներկայացմանը ներկա էին հենց իրենք՝ էրգոթերապիա բաժնի առաջին կուրսի ուսանողուհիները և դասախոս՝ Զարուհի Հարությունյանը:

PEO մոդելը ամենահաճախ կիրառվողն է  էրգոթերապիայում,որը հնարավորություն է տալիս
•           Վերլուծել այցելույի զբաղվածության գործունեության հիմնախնդիրները
•           Իր հետևից տանել միջամտությունների պլանավորումը, միջամտությունը և գնահատումը:
Մոդելը առանձին-առանձին և հստակ կերպով ուսումնաիրում է անձը, նրա միջավայրը և զբաղվածությունը:
·         Անձը իր մեջ ներառում է մարդու հետաքրքրությունները, ցանկությունները, զգայաշարժողական հնարավորությունները, ճանաչողական հնարավորությունները, ֆիզիկական և հոգեկան վիճակը, ինչպես նաև հոգեբանական ոլորտները:


·         Միջավայրը լինում է սոցիալական,ֆիզիկական և ինստիտութիոնալ:
·         Զբաղվածությունը դա այցելույի կողմից իրականացվող գործողությունների կոմպլեքսն է:
ՈՒսանողները կրեատիվ և մի փոքր էլ հումորային էին մոտեցել մոդելի ներկայացմանը:Անձ, միջավայր և զբաղվածություն կապված օղակները նրանք ներկայացրել էին որպես հարազատ քույրերի ովքեր միշտ լինում են անբաժան,սակայն իրենց հոր մահից հետո չկարողանալով իրար մեջ բաժանել նրա ունեցվածքը դիմում են դատարան: Դատարանը որոշում է կայացնում և հավասարապես բաժանում ամբողջ ունեցվածքը.այսպիով քույրերից յուրաքանչյուրը միայնակ է մնում իր չափաբաժնի հետ՝ չկարողանալով շարունկել հոր գործը: Այս կերպ ուսանողները փորձեցին ցույց տալ, թե որքան կարևոր է այս երեք կոմպոնիենտների միասնությունը: Ներկայացման ավարտին քույրերը հաշտության են գալիս և լրացնելով մեկը մյուսին շարունակում հոր գործը,որն էլ իրական կյանքում խորհրդանշում է  մարդու կողմից իրականացվող գործունեությունը:


Հեղինակ՝ Տաթև Սերոբյան 

Thursday, March 7, 2013

Շրեկի հարսանիքը, Միկիի և Իշուկի ծննդյան տարեդարձները ԷՐԳՈԹԵՐԱՊԻՍՏՆԵՐԻ աչքերով


Չնայած էրգոթերապիստների առօրյան բավական հագեցած է և հետաքրքիր  իր առաջադրանքներով, պրակտիկ և նախագծային աշխատանքներով, այնուամենայնիվ այն լրացվեց ևս մեկ առարկայով՝ <Ստեղծագործական մտածելակերպ> (Creative Thinking): Ստեղծագործական մտածելակերպն իրենից ներկայացնում է երևույթներին այլ՝ նոր ձևով նայելու, ընկալելու և ներկայացնելու կարողությունը:

Պատրաստված ամենագեղեցիկ սեղանը 

Մեզանից յուրաքանչյուրն օժտված է ստեղծագործական մտածելակերպով: Այն հնարավորություն է տալիս երևույթները ներկայացնել տարբեր և նորովի ձևերով:  Մասնավորապես էրգոթերապիստների համար ստեղծագործական մտածելակերպը հանդիսանում է կարևորագույն գործոն, քանի որ յուրաքանչյուր անհատի հետ աշխատանքը տարբերվում է իր յուրահատկությամբ:


Էրգոթերապիստ ուսանողների ստեղծագործական մտածելակերպը զարգացնելու համար առաջին առաջադրանքի ժամանակ դասախոսի կողմից հանձնարարված էր բերել բոլոր հնարավոր և անհնարին պարագաները:  Դասընթացի ժամանակ կուրսը բաժանվեց 3 խմբերի, որոնց տրվեց մուլտհերոսների մեկական նկար: Առաջադրանքը հետևյալն էր՝ հաշվի առնելով նկարի հերոսներին և նկարի բովանդակությունը, պատրաստել սեղան՝ ցուցաբերելով առավելագույնս ստեղծագործական մոտեցում:




Չնայած նրա, որ ուսանողները նախապես տեղյակ չէին առաջադրանքի բովանդակությանը, այնուամենայնիվ նրանք իրենց հետ վերցրել էին տարբեր տիպի մթերքներ: Նկարներում պատկերված էին Միկի Մաուսի և Իշուկի ծննդյան տարեդարձը, ինչպես նաև Շրեկի և ֆիոնայի հարսանիքը: Նրանց համար պատրաստվեցին ծննդյան և հարսանեկան սեղաններ, իսկ առաջադրանքի վերջում ուսանողներն օգտվեցին իրենց թիմակից սեղաններից:





Sunday, December 9, 2012




 Էրգոթերապիստների անց կացրած պրակտիկան  ՆՈՐՔԻ  ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ

Էրգոթերապիստները իրենց գործունեությունը կարող են ծավալել մի շարք հաստատություներում, ինչպես օրինակ՝ մանկատներում, հասարակական կազմակերպություններում, ներառական և ոչ ներառական դպրոցներում, մասնագիտացված մանկատներում, ծերանոցներում, ինչպես նաև հոգեբուժարաններում: Հոգեբուժարանում պրակտիկայի ժամանակ ուսանողները բաժանվել էին  3 խմբերի: Յուրաքանչյուր խումբ  իրականացնում էր տարբեր ծրագրեր:  
Խմբերից մեկի աշխատանքը հիմնված էր էքսպրեսիվ թերապիայի՝ ֆոտոթերապիայի, նկարչաթերապիայի և երաժշտաթերապիայի վրա: Հանդիպումների ժամանակ ուսանողները այցելուների հետ դիտում էին հայտնի նկարիչների՝ Մոդիլիանիի, Լեոնարդո դա Վինչիի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու և այլ նկարիչների աշխատանքները: Դիտումներից հետո միասին քննարկում էին և՛ նկարները, և՛ նկարիչների կենսագրությունը: Երբեմն հանդիպումների ընթացքում կիրառվում էր նկարչաթերապիան, որի ժամանակ այցելուները իրենց նկարած նկարների, գույների միջոցով արտահայտում էին իրենց հույզերը, զգացումները և ապրումները: Երաժշտաթերպիայի ժամանակ ունկնդրում էին կոմպոզիտորների՝ Ա. Խաչատրյանի, Մոցարտի, Շոպենի և այլոց ստեղծագործությունները, ինչպես նաև  դիտում բալետ ներկայացումներ:


Երկրորդ խումբը կազմակերպեց շաշկու  և շախմատի առաջնություն, որի ժամանակ այցելուները հնարավորություն ունեին հաղորդակցվելու միմյանց հետ, ինչպես նաև մասնակցելու իրենց սիրելի խաղի առաջնությանը, միմյանց ցույց տալով, թե ով որքան լավ է խաղում: Դա այցելուների համար նաև հանդիսանում էր կազմակերպված ազատ ժամանց: Երբեմն ուսանողները ևս նրանց հետ խաղում էին: Խաղերն անցկացվում էին հոգեբուժարանի արևոտ բակում:


Երրորդ խումբը հոգեբուժարանի 
պրակտիկայի ժամանակ այցելուների հետ միասին իրականացրեցին ծաղիկների տնկում և խնամում: Այս աշխատանքի շնորհիվ այցելուների մոտ զարգանում են համբերատարության, հոգատարության զգացում: Բացի ծաղիկներ տնկելուց ուսանողները այցելուների հետ միասին զարդարեցին ծաղկամանները, ինչը ևս ուներ թերապևտիկ նշանակություն: 






Հեղինակներ՝ Գոհար Բալայան, Նարինե Մուրադյան, Անահիտ Հայրապետյան